Կարո՞ղ է կախվածությունն այնքան խորանալ, որ մարդն այլևս չկարողանա լիարժեք գիտակցել սեփական վիճակը և ընդունել օգնությունը։ Երկարատև կախվածությունը երբեմն խաթարում է մտածողությունը, որոշումներ կայացնելու և սեփական վարքի հետևանքները գնահատելու կարողությունը։ Հոդվածում քննարկվում են ապաքինման հնարավորությունները, հարազատների դժվար ընտրությունները և անդառնալիության սահմանի գոյության հարցը։
Վերջերս առնչվեցի մի պատմության, որն ինձ ստիպեց ևս մեկ անգամ մտածել կախվածության դեմ պայքարում մարդու հնարավորությունների սահմանների մասին։
Կյանքիս ընթացքում բազմիցս հանդիպել եմ մարդկանց, որոնք հասկանում էին, որ կախվածություն ունեն, բայց շարունակում էին կործանել սեփական կյանքը։ Նրանք համաձայնում էին բերված փաստարկներին, ընդունում հետևանքները, երբեմն նույնիսկ խոստանում ինչ-որ բան փոխել։ Սակայն երբ հերթը հասնում էր կոնկրետ գործողություններին, ամեն ինչ վերադառնում էր նախկին վիճակին։
Եվ ես ավելի ու ավելի հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս. արդյո՞ք օգնությունից հրաժարվող մարդը միշտ իսկապես ունակ է ընդունելու այդ օգնությունը։
Խնդիրն ընդունելը դեռ չի նշանակում հաշտվել դրա իրականության հետ
Մարդը կարող է միանգամայն հանգիստ ասել. «Այո՛, ես կախվածություն ունեմ»։
Նա կարող է հասկանալ, որ կորցրել է աշխատանքը, փչացրել հարաբերությունները հարազատների հետ, հայտնվել պարտքերի մեջ կամ վնասել առողջությունը։
Բայց առանձին փաստերի ընդունումը դեռ չի նշանակում սեփական վիճակի իրական գիտակցում և ընդունում։
Իրական ընդունումն այն է, երբ մարդը դադարում է արդարացումներ փնտրել և ընդունում է իրական փոփոխությունների անհրաժեշտությունը։
Իսկ դա հաճախ շատ ավելի դժվար է, քան պարզապես համաձայնելը, որ խնդիր գոյություն ունի։
Չէ՞ որ կախվածությունն ընդունել նշանակում է նաև խոստովանել, որ նախկին ապրելակերպն այլևս չի գործում։ Որ սեփական ուժերը կարող են բավարար չլինել։ Որ անհրաժեշտ է լինելու հրաժարվել հաճույք ստանալու, դժվարություններից խուսափելու և տհաճ զգացմունքները հաղթահարելու սովորական դարձած միջոցներից։
Կախվածություն ունեցող շատ մարդկանց համար հենց այս քայլն է ամենադժվարը։
Երբ մարդը դադարում է նկատել սեփական կյանքի կործանումը
Ալկոհոլային երկարատև կախվածության դեպքում կարող են տուժել հիշողությունը, ուշադրությունը, քննադատական մտածողությունը և սեփական արարքների հետևանքները գնահատելու կարողությունը։
Եվ այստեղ մի վտանգավոր թակարդ կա…
Ապաքինման ճանապարհը սկսելու համար մարդը պետք է կարողանա հասկանալ իր վիճակը, որոշումներ կայացնել, ծրագրել գործողությունները և հետևողականորեն իրականացնել դրանք։
Բայց ծանր կախվածությունը, ինչպես ինձ է թվում, կարող է խաթարել հենց այդ կարողությունները։
Մարդը կարող է շարունակել իրեն համարել լիովին ինքնուրույն և իրավիճակը վերահսկելու ունակ, թեև նրա կյանքն արդեն վաղուց հակառակն է վկայում։
Հարազատները տեսնում են, թե ինչ է կատարվում։ Նրանք փորձում են բացատրել, համոզել, ցույց տալ հետևանքները։
Իսկ մարդը կարծես չի նկատում այն, ինչ շրջապատի համար վաղուց ակնհայտ է դարձել։
Իհարկե, կախվածության ժխտումը միշտ չէ, որ կապված է ճանաչողական խանգարումների հետ։ Դրա հիմքում կարող են լինել վախը, ամոթը, հոգեբանական պաշտպանական մեխանիզմները կամ սովորական ապրելակերպից հրաժարվելու ցանկության բացակայությունը։
Բայց երբեմն խնդիրը կարող է ավելի խորքային լինել։
Մարդը ոչ թե պարզապես չի ցանկանում ընդունել տեղի ունեցողը։ Հնարավոր է՝ նրա համար արդեն դժվար է ամբողջությամբ գիտակցել այն։
Հարազատների անզորությունը
Կախվածություն ունեցող մարդու շուրջ առանձին ողբերգություն է ծավալվում։
Հարազատները փորձում են օգնել, համոզել, սահմաններ դնել։ Երբեմն նրան տնից հեռացնում են, հրաժարվում գումար տալուց, դադարում են պաշտպանել սեփական արարքների հետևանքներից։
Բայց հետո կրկին ընդունում են, օգնում, ևս մեկ հնարավորություն տալիս։
Կողքից հեշտ է ասել, որ նրանք սխալ են վարվում։
Շատ ավելի դժվար է պատկերացնել քեզ այն մարդու տեղում, որը պետք է հրաժարվի սեփական եղբորը, որդուն կամ ամուսնուն օգնելուց՝ հասկանալով, որ նա կարող է հայտնվել փողոցում։
Այստեղ հազվադեպ են լինում պարզ լուծումներ։
Հարազատների անզորությունը
Կախվածությունների հետ աշխատող ցանկացած հոգեբան կասի, որ չի կարելի անվերջ փրկել կախվածություն ունեցող մարդուն իր արարքների հետևանքներից, մարել նրա պարտքերը, գումար տալ և նրա պատասխանատվությունը վերցնել սեփական ուսերին։
Բայց իրական կյանքում ամեն ինչ շատ ավելի բարդ է։
Մի կողմից՝ չի կարելի թույլ տալ, որ կախվածություն ունեցող մարդն իր հետ անդունդը տանի ամբողջ ընտանիքին։ Հարազատներն էլ ունեն իրենց կյանքը, առողջությունը, երեխաները, պարտականությունները և հանգիստ ապրելու իրավունքը։
Մյուս կողմից՝ ինչպե՞ս հարազատ մարդուն թողնել բախտի քմահաճույքին՝ հասկանալով, որ նա կարող է հայտնվել փողոցում, շարունակել ալկոհոլ օգտագործել, ծանր հիվանդանալ կամ նույնիսկ մահանալ։
Եվ ամենասարսափելին այն է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե սեփական վարքի հետևանքներին բախվելով՝ նա ուշքի կգա և կհամաձայնի բուժվել։
Ահա այսպիսի ընտրության առաջ են երբեմն կանգնում հարազատները։
Օգնելով՝ նրանք վտանգում են երկարաձգել կախվածության շարունակությունը։ Օգնությունից հրաժարվելով՝ վախենում են, որ մարդը վերջնականապես կկործանվի։
Այդ պատճառով ես չէի դատապարտի նման ընտանիքներին։
Սահմաններ դնելը չի նշանակում լքել մարդուն։ Բայց տեսականորեն դա հասկանալը շատ ավելի հեշտ է, քան այդպես վարվելը, երբ խոսքը սեփական եղբոր, որդու կամ ամուսնու մասին է։
Հնարավոր է՝ հարազատների խնդիրը ոչ թե անվերջ փրկելու և մարդուց ամբողջությամբ հրաժարվելու միջև ընտրություն կատարելն է, այլ այնպիսի օգնություն առաջարկելը, որն իսկապես ուղղված է ապաքինմանը, այլ ոչ թե կախվածության շարունակմանը։
Բայց ի՞նչ անել, եթե մարդը կտրականապես հրաժարվում է նման օգնությունից։
Հենց այստեղ է, որ տեսությունը բախվում է իրական կյանքին։ Հարազատները ստիպված են սահմաններ դնել՝ գիտակցելով, որ հետևանքները կարող են ողբերգական լինել։
Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ հետևանքների կհանգեցնի նրանց որոշումը։ Չէ՞ որ ողջամիտ սահմաններ դնելը սխալ որոշում չի դառնում միայն այն պատճառով, որ հետևանքները ողբերգական են եղել։
Գոյություն ունի՞ անդառնալիության սահման
Սա, թերևս, ամենադժվար հարցն է։
Կարո՞ղ է կախվածությունն այնքան փոխել մարդուն, որ նա այլևս ի վիճակի չլինի ինքնուրույն վերադառնալ բնականոն կյանքի։
Որոշ դեպքերում՝ այո՛։ Ալկոհոլի երկարատև օգտագործման ծանր հետևանքները կարող են լրջորեն սահմանափակել մարդու ինքնուրույնությունը։ Օրգանիզմի և նյարդային համակարգի որոշ վնասումներ կարող են անդառնալի լինել։
Բայց գոյություն ունի՞ համընդհանուր հոգեբանական սահման, որից հետո ապաքինումն անհնար է դառնում։
Նման սահման մեզ հայտնի չէ։
Մարդկանց պատմությունները չափազանց տարբեր են։ Ոմանք սկսում են վերականգնվել տասնամյակներ տևած կախվածությունից հետո։ Մյուսները շարունակում են կործանել սեփական կյանքը՝ չնայած իրենց օգնելու բազմաթիվ փորձերին։
Եվ մենք միշտ չէ, որ կարողանում ենք բացատրել, թե ինչու է այդպես լինում։
Ես ավելի ու ավելի հաճախ եմ մտածում, որ կախվածության ամենավտանգավոր կողմը միայն առողջության, ընտանիքի կամ սոցիալական դիրքի կործանումը չէ։ Երբեմն այն խաթարում է մարդու՝ տեղի ունեցողի ամբողջ լրջությունը տեսնելու և ինչ-որ բան փոխելու կարողությունը։
Հնարավոր է՝ հենց այդ պատճառով եմ ավելի հաճախ մտածում անդառնալիության սահմանի գոյության մասին։
Ոչ այն սահմանի, որից հետո ապաքինումը բացարձակապես անհնար է դառնում։ Մենք դա չգիտենք։
Այլ այն սահմանի, որից հետո մարդու համար արդեն այնքան դժվար է գիտակցել սեփական վիճակը, որոշումներ կայացնել և կառավարել սեփական կյանքը, որ առանց լուրջ օգնության նա գործնականում ի վիճակի չէ որևէ բան փոխելու։
Եվ այստեղ ևս մեկ հարց է առաջանում. ի՞նչ անել, եթե մարդն արդեն չի կարող ինքն իրեն օգնել, բայց միևնույն ժամանակ շարունակում է հրաժարվել ուրիշների օգնությունից։
Ես միանշանակ պատասխան չունեմ։
Եվ, թերևս, կախվածության հետ աշխատանքի ամենածանր կողմը հենց սա է՝ գիտակցելը, որ ամեն ինչ չէ, որ կախված է մեր գիտելիքներից, ջանքերից և օգնելու ցանկությունից։
Հեղինակի մասին
Հրաչյա Բադալյանը, կախվածությունների ոլորտում մասնագիտացած հոգեբան է։ Աշխատում եմ խաղային կախվածության, համակախվածության և տագնապային վիճակների հետ։ Օգնում եմ կախվածություն ունեցող մարդկանց և նրանց հարազատներին կառուցել ավելի կայուն կյանք, վերականգնել անձնական պատասխանատվությունը և դուրս գալ սովորական կործանարար վարքային սցենարներից։