Ինչո՞ւ ենք շարունակում դժգոհ լինել ինքներս մեզանից, նույնիսկ երբ հասնում ենք մեր նպատակներին։ Ներքին քննադատը ստիպում է մեզ ձգտել կատարելության, թերագնահատել սեփական ձեռքբերումները և անընդհատ նոր պահանջներ ներկայացնել ինքներս մեզ։ Սխեմաթերապիան օգնում է հասկանալ, թե որտեղից է գալիս այդ ձայնը և ինչպես սովորել ավելի աջակցող վերաբերմունք ունենալ սեփական անձի նկատմամբ։
«Միայն քեզ նայի՛ր»։
«Ինչքա՞ն կարելի է քաղցրավենիք ուտել»։
«Վերջապես պետք է քեզ ձեռքդ վերցնես»։
«Մյուսները կարողացել են նիհարել, դու ինչո՞վ ես պակաս»։
Ծանո՞թ է այս ներքին ձայնը։
Երբեմն թվում է, թե այն օգնում է մեզ արդյունքների հասնել։ Չէ՞ որ եթե դադարենք ինքներս մեզ ստիպել, կարող ենք թուլանալ, կորցնել վերահսկողությունը և ընդհանրապես ոչինչ չանել։
Բայց այստեղ մի խնդիր կա. այս ձայնին գրեթե անհնար է գոհացնել։
Երեք կիլոգրամ նիհարե՞լ եք։ Քիչ է, պետք է ևս տասը։
Մի ամբողջ շաբաթ սնվե՞լ եք այնպես, ինչպես նախատեսել էիք։ Լավ է, բայց ինչո՞ւ երեկ կոնֆետ կերաք։
Սկսե՞լ եք սպորտով զբաղվել։ Բավարար չէ, պետք է ավելի հաճախ։
Եվ սեփական ձեռքբերումներով ուրախանալու փոխարեն լարվածություն ու դժգոհություն եք զգում ինքներդ ձեզանից։
Ո՞վ է այս խիստ ներքին ղեկավարը
Սխեմաթերապիայում այս վիճակը կոչվում է Պահանջկոտ ծնողի ռեժիմ։
Այն մարդուն խիստ պահանջներ է ներկայացնում, սահմանում է չափազանց բարձր չափանիշներ և անընդհատ հիշեցնում, թե ինչպիսին նա պետք է լինի։
«Դու պարտավոր ես նիհար լինել»։
«Դու պետք է ճիշտ սնվես»։
«Չի կարելի ծուլանալ»։
«Դու պետք է կատարյալ տեսք ունենաս»։
Ընդ որում, այս պահանջները կարող են վերաբերել ոչ միայն քաշին, այլև աշխատանքին, հարաբերություններին, երեխաների դաստիարակությանը, արտաքին տեսքին և ձեռքբերումներին։
Որտեղի՞ց է գալիս այս ձայնը
Հաճախ նման պահանջները մենք յուրացնում ենք դեռ մանկության տարիներին։
Օրինակ՝ երբ մեզ անընդհատ համեմատել են ուրիշների հետ, պահանջել բարձր արդյունքներ կամ հասկացնել տվել, որ սերն ու հավանությունը պետք է վաստակել։
Աստիճանաբար արտաքին պահանջները կարող են վերածվել ներքին պահանջների։
Եվ հիմա արդեն ոչ ոք մեզ չի ստիպում կատարյալ լինել։ Մենք ինքներս ենք շարունակում դա պահանջել մեզանից։
Բայց մի՞թե ավելի լավին ձգտելը վատ է
Իհարկե՝ ոչ։
Նիհարելու, առողջության մասին հոգ տանելու, զարգանալու և նպատակներին հասնելու ցանկությունը միանգամայն բնական է։
Տարբերությունն այն է, թե այդ ճանապարհին ինչպես ենք վերաբերվում ինքներս մեզ։
Առողջ ձգտումները թույլ են տալիս հաճույք ստանալ ընթացքից, նկատել սեփական ձեռքբերումները, հանգստանալ և անհրաժեշտության դեպքում վերանայել ծրագրերը։
Պահանջկոտ ծնողը նպատակը վերածում է պարտականության, իսկ իդեալից ցանկացած շեղում՝ դժգոհության պատճառի։
Եվ այդ ժամանակ նիհարելը կարող է վերածվել անվերջ քննության, որտեղ գերազանց գնահատական ստանալն անհնար է։
Ինչպե՞ս դուրս գալ այս անվերջ մրցավազքից
Սխեմաթերապիայում մենք զարգացնում ենք Առողջ մեծահասակի ռեժիմը, որին ես նախընտրում եմ անվանել Հասուն մեծահասակ։
Այն չի առաջարկում հրաժարվել նպատակներից կամ կարգապահությունից։
Այն օգնում է ձգտել փոփոխությունների՝ առանց ինքներս մեզ անընդհատ ճնշելու։
«Ես պարտավոր եմ ամեն գնով նիհարել» մտքի փոխարեն՝ «Ես ուզում եմ փոխել իմ սննդային վարքը և կարող եմ աստիճանաբար շարժվել այդ ուղղությամբ»։
«Ես իրավունք չունեմ սխալվելու» մտքի փոխարեն՝ «Դժվարություններն անխուսափելի են, և ես կարող եմ սովորել դրանցից»։
«Ես ինձանից գոհ կլինեմ, երբ նիհարեմ» մտքի փոխարեն՝ «Ես կարող եմ արդեն հիմա հարգանքով վերաբերվել ինքս ինձ»։
Փորձեք մի փոքր վարժություն
Հիշեք, թե սովորաբար ինչ եք ասում ինքներդ ձեզ, երբ դժգոհ եք ձեր սնվելու սովորություններից կամ արտաքին տեսքից։
Իսկ հիմա ինքներդ ձեզ երեք հարց տվեք։
- Հիմա ես աջակցո՞ւմ եմ ինքս ինձ, թե՞ հերթական պահանջն եմ ներկայացնում։
- Կարո՞ղ եմ գոհ լինել ինքս ինձանից, նույնիսկ եթե դեռ չեմ հասել իմ նպատակին։
- Ինչպե՞ս կխոսեի ինձ համար թանկ մարդու հետ, եթե նա հայտնվեր նման իրավիճակում։
Հնարավոր է՝ նկատեք, որ ուրիշների նկատմամբ շատ ավելի հոգատար և ըմբռնող եք, քան ինքներդ ձեր։
Եվ այստեղ կարևոր է հասկանալ մի բան։
Սեփական սննդային վարքը փոխելու համար պարտադիր չէ դառնալ ինքդ քո խիստ վերահսկիչը։
Կարելի է շարժվել դեպի ցանկալի փոփոխությունները և միաժամանակ սովորել լինել սեփական անձի կողքին։
Հեղինակի մասին
Ստանիսլավ Սուխորուկովը հոգեբան է, որը մասնագիտացած է սոցիալական տագնապի, ինքնագնահատականի և հոգեբանական տրավմայի հետ աշխատանքի մեջ։ Աշխատում է գնահատման վախի, ինքնարտահայտման և հաղորդակցման դժվարությունների, ընդհանուր տագնապային ֆոնի, ֆոբիաների և տագնապի հետ կապված մարմնական լարվածության հետ։ Տրավմատիկ փորձի հետ աշխատանքում օգտագործում է կապվածության վրա հիմնված EMDR մոտեցումը՝ օգնելով անվտանգ և զգույշ ձևով մշակել բարդ ու խորքային ապրումները։